March 2, 2009

Հայաստանի Բուհերը` Հայացք Դրսից և Ներսից (3)


Սևակ Քարամյան


Ինչպե՞ս մերժել կոլեգաներին



Հարգելի կոլեգաներ, տվյալ հոդվածում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի արատավոր երևույթի վրա, որն առկա է Հայաստանի բոլոր բուհերում: Խոսքս կոռուպցիայի մի յուրահատուկ դրսևորման, այն է՝ կոլեգաների կողմից իրենց՝ այս կամ այն մոտ կամ հեռու բարեկամի համար հաճախ կատարվող հովանավորչության և միջնորդությունների մասին է: Տվյալ հոդվածում չեմ փորձելու գտնել նշված երևույթի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, մանավանդ, դատելով «ազգային» մտածելակերպը կրող որոշ կոլեգաների կարծիքներից, տվյալ երևույթը ոչ միայն բնական է, այլև բարոյական: Բնականաբար, նման «հանճարեղ» կարծիքների հետ համաձայնելը նշանակում է լեգիտիմացնել այն, սակայն մինչ մարդը կփորձի բարոյական արդարացում գտնել այս արարքի համար, մի պահ թող հիշի, որ ցանկացած հանցագործություն սկսվոմ է բարոյական արդարացումից:

Եվ այսպես, հայաստանյան բուհերում աշխատում են հազարավոր մարդիկ, որոնք ունեն բազմաթիվ բարեկամներ, հարևաններ ու ծանոթներ, որոնց մի մասը «սովորում է» բուհերում, իսկ ավելի ստույգ հաճախում է բուհեր: Քննական շրջանի սկսվելուն պես այս բարեկամական կապերի ակտիվացման գործընթացը նոր եռանդ ու թափ է ստանում, որի արդյունքում երբեմն պարզվում է, որ կուրսի գրեթե 60% հավանաբար քույրեր և եղբայրներ են: Իհարկե, հոգատար վերաբերմունքը բարեկամի և հարևանի նկատմամբ գովելի վարքագիծ է, սակայն արդյո՞ք սա հոգատար վերաբերմունքի կամ բարեկամի հանդեպ ունեցած պարտավորության դրսևորում է։ Իհարկե ո՛չ, քանզի բարեխոսելու փոխարեն կարելի է տվյալ ուսանողին այս կամ այն կերպ օգնել ավելի լավ սովորել, այլ ոչ թե հերթական քեֆի ժամանակ համայն բարեկամության առջև, բաճկոնի կոճակները քանդված վիճակով ու ցցված փորով, հայտարարել որ «էս երեխեն վապշե պրոբլեմ չունի, քանի որ ինքը սաղ հարցերը լուծողա» սաղ հարցերի» տակ հասկացվում է էրեխու կատարյալ դեբիլացման գործընթացը):

Խնդիրը հետևյալն է. ինչպե՞ս մերժել կոլեգային, ինչպե՞ս մերժել մարդկանց, որոնց հետ հաճախ անցկացնում ես օրվա մեծ մասը, ինչպե՞ս մերժել մարդկանց, որոնք նմանատիպ խնդրանքը չեն համարում էթիկայի նորմերից դուրս, կամ հանցագործություն, որոնց համար «ես քեզ, դու՝ ինձ» գործելակերպը կենսագործունեության կարևորագույն սկզբունք է, մինչդեռ մերժումը հաստատ կընկալվի բարոյական վարքագծից անդին:

Անցյալ տարի Կենտրոնական եվրոպական համալսարանում մասնակցում էի մի նախագծի, որի մի մասը նվիրված էր ավելի լավ սովորելու նպատակով ուսանողներին ճիշտ մոտիվացնելու մեթոդներին: Իմ կողմից բարձրացված այն հարցին, թե առաջարկվող մեթոդները որքանով են կենսունակ, հայաստանյան բուհերում առկա քավորաբարեկամախնամիական պայմաններում, մասնագետները, փոքր ինչ շփոթության մեջ ըկնելով, քանի որ հարցի էությունը նրանց համար անհասկանելի է, երկար մտածելուց հետո պատասխանեցին, որ տվյալ մեթոդները մեր բուհերի համար չեն, քանի որ նման պայմաններում ուսանողի մոտ կորչում է արդարության զգացումը, իսկ դասախոսը կորցնում է իր հեղինակությունը, հետևաբար անհնար է որևէ արդյունքի հասնել առաջարկվող մեթոդներով:

Մեկ այլ առիթով Միլանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, հարգարժան պարոն Մարտինելլիին հարցրեցի՝ արդյո՞ք նա կընդառաջի իր կոլեգայի նման խնդրանքին, նա պատասխանեց, որ կընդառաջի, «սակայն,-ավելացրեց հարգարժան պրոֆեսորը,-ես համոզված եմ, որ իմ կոլեգաները նման ոչ կոռեկտ խնդրանքով երբեք չեն դիմի ինձ»։ Այս մասին ասում եմ՝ ցույց տալու համար, որ հայերից ոչ պակաս բարեկամասեր ու ընկերասեր իտալացիները նման խնդիրների չեն բախվում:

Տվյալ արատավոր երևույթի հետ սերտորեն կապված է մի խնդիր ևս. պարզվում է, որ X դասախոսի հորաքրոջ թոռնիկը, որի համար նա բարեխոսում է (հիմնականում զգացմունքային ելևեջներով պատմում է, թե ինչպիսի առողջական պրոբլեմներ ունի իր բազմաչարչար հորաքույրը), ամենևին էլ նրա հորաքրոջ թոռնիկը չէ, և նա կատարված միջնորդության համար պարզապես կաշառք է վերցրել, և կաշառք տվողին հավաստիացրել այն մասին (կամ երդվել է իր բոլոր սրբություննեով), որ այդ գումարը փոխանցելու է այդ «կռիս» դասախոսին:

Խնդրում եմ ձեր մեկնաբանություններում չխոսել այս արատավոր երևույթի պատճառների մասին, քանի որ պատճառներն ակնհայտ են, ուղղակի առաջարկե՛ք մերժման գործուն մեխանիզմներ:


Ես մշակել եմ մի քանի նման մեխանիզմներ և ցանկանում եմ կիսվել ձեզ հետ:


Առաջին – Դարձե՛ք անհասանելի քննական շրջանում, անջատե՛ք բոլոր հեռախոսները, աշխատե՛ք, որ ձեզ չտեսնեն ամբիոնում, դեկանատում և բուհի միջանցքում, վերադարձե՛ք տուն գիշերը մեկից հետո:


Երկրորդ – Փորձե՛ք միջնորդ կոլեգային քաղաքավարի կերպով ուղարկել այնտեղ, ուր որ նրա տեղն է (սա, իհարկե, բարդ է, սակայն դուք կարող եք նրան խոստանալ, որ եթե լիկվիդի ժամանակ տվյալ ուսանողը պատասխանի 3-ի, դուք կընդառաջեք նրան և կնշանակեք 4, համոզված եղեք, որ տվյալ ուսանողի 3-ի չի պատասխանի):


Երրորդ – Խնդրանքը նախապես բավարարեք, սակայն քննության օրը մի՛ նշանակեք՝ պատճառաբանելով, որ ամբիոնի վարիչը կամ դեկանը քննության ժամանակ ներկա էին, և դուք չկարողացաք որևէ կերպ ընդառաջել տաբուրետկայի գիտելիքներ ունեցող իր պրոտեժե բարեկամին (սա աշխատող տարբերակ է, եթե իհարկե այդ միջնորդը հենց նույն ամբիոնի վարիչը, կամ դեկանը չեն)։


Չորրորդ – Դուք ինքներդ մի՛ բարեխոսեք ոչ մեկի համար, այլապես ոչնչով չեք տարբերվի ձեր կոլեգաներից և հետագայում ուղղակի չեք կարող մերժել նրանց:


Հինգերորդ – պարզապես մերժեք և վերջ:


Պրակտիկայով ապացուցված է, որ այս մեթոդների կիրառման դեպքում հավանականությունը, որ սուբյեկտը երկրորդ անգամ կդիմի 30 տոկոս է, իսկ երրորդ անգամ՝ 10 տոկոս։


Ինձ համար ցավալի է, որ մենք ստիպված ենք զբաղվելու նման հարցերի քննարկումով և դրանց լուծման ուղիների որոնմամբ, սակայն առանց նմանատիպ արատավոր երևույթների վերացման խոսել որակյալ և արդյունավետ կրթությունից ուղղակի ծիծաղելի է։ Ծիծաղելի է, երբ արցախյան խնդրով «մտահոգված մտավորական» դասախոսը հեռուստատեսությամբ երեկոյան բոցաշունչ ելույթ է ունենում, իսկ առավոտյան միջնորդում այն դատարկ ուսանողի համար, որը հավանաբար մի քանի տարի հետո պետք է զբաղվի արցախյան հիմնախնդրով:


Ք.գ.թ. Սևակ Քարամյան

ԵՊՀ Հանրային կառավարման

ամբիոնի դասախոս