January 22, 2009

Հայաստանի Բուհերը` Հայացք Դրսից և Ներսից (1)

ԵՊՀ-ի մի շրջանավարտի հուշերից

Երբ եվրոպացիներն ու ռուսները դեռ ծառերի վրա էին

ապրում, մենք` հայերս, արդեն թատրո՜ն ունեինք

Հայկական ժողովրդական ասույթ

Ես հայ եմ, ավարտել եմ Հայաստանի Մայր Բուհը` ԵՊՀ-ն, այնուհետև մոտ վեց տարի է սովորում եմ արտերկրում` սկզբից Եվրոպայում, Եգիպտոսում, ու Իրանում, այնուհետև` ԱՄՆում: Վերջին տարին այստեղ նաև դասավանդում եմ: Սակայն, ինչպես երևի շատերի համար, ԵՊՀ-ն մնացել է իմ առաջին բուհը, իմ սիրելի համալսարանը, այն տեղը, ուր առաջին անգամ հասկացա ուսանող լինելու պատասխանատվությունն ու բերկրանքը, առաջին անգամ` կիսամյակի վերջում համասլարանական քննություններ հաձնեցի, առաջին անգամ գնացի “կուրսի քեֆի”, ու դասերի արանքում “բուֆետում տղեքի հետ լռվեցի”: Սակայն որքան որ սիրում եմ մայր բուհս ու հպարտանում դրանով, այնքան ավելի ցավում ու ամաչում եմ դրանում առկա որոշ երևույթներից, որոնք հատկապես ակնառու դարձան ինձ համար վերջին մի քանի տարվա ընթացքում:

Նախ և առաջ` ակնառու դարձավ այն, որ ուսանողը համալսարանի նույնքան լիիրավ անդամ է, որքան ցանկացած դասախոս կամ ռեկտորատի աշխատող. որ համալսարանը ընդամենը վայր է, ուր ուսանողը ծառայություն է ստանում իր վճարած փողի ու իր թափած ջանքերի դիմաց, այլ ոչ թե ուղղիչ հաստատություն, ուր բոլորը իրենց իրավունք պիտի վերապահեն նրան խրատական ձայնով ինչ որ “խելք սովորեցնել”, կոպտել ու ստորացնել: Չափազանցնու՞մ եմ. քանի քանի անգամ ենք մենք` ԵՊՀ-ի շրջանավարտներս ու ներկա ուսանողներս լսել “դուրս կորիր լսարանից” արտահայտությունը, երբեմն համեմված “լակոտ”, “անասուն” և “ապուշ” բառերով: Քանի քանի անգամ է դասախոսը վիրավորել մեր անձը, երբեմն ընտանիքը, հայրենի քաղաքը` եթե, օրինակ` Կիրովականից էինք, կամ Գորիսից, կամ մեկ այլ վայրից, որի նկատմամբ տվյալ անձը հակակրանք ուներ: Իսկ քանի՞ անգամ է մեր մտքով անցել, որ նա այդ անելու իրավունքը պարզապես չունի:

Շատերս ենք բազմիցս լսել այն պնդումը, որ համասլարանը ոչ միայն գիտելիք պետք է տա, այլ նաև պիտի մեզ “մարդ է դարձնի”, կամ “ոգի տա”, նույնիսկ` “դաստիարակի որպես ճիշտ հայ”, կամ նման մի շարք պաթետիկ դատարկաբանություններ: Գուցե դա ինչ որ չափով ճիշտ է. գուցե համալսարանի բարձր կոչումներից մեկը մեզ հենց նաև ոգի տալն է, մեզ մարդ, կամ թեկուզ հայ դարձնելը: Սակայն` ինպիսի՞ ոգի է այն մեզ տալիս, ինչպիսի՞ մարդ կամ հայ մարդ է այն մեզ փորձում դարձրել: Ավաղ, վեհերոտ, անարժանապատիվ ոգի, վեհերոտ ու անարժանապատիվ հայ ու մարդ: Մարդ, որը գիտի, որ իրեն կարող են հենց այնպես վիրավորել, ստորացնել բոլորի առջև ու լակոտի նման դուրս վռդնել: Իսկ ընդվզելու մասին խոսք անգամ չի կարող լինել, քանզի ինչպես որ լսարանից էին անփառունակ վռնդել, այնպես էլ կվռնդեն համալսարանից: Վերջապես, ինպե՞ս ընդվզի: Ու՞մ դիմի:

Նման դեպքերը շատ են և բազմազան: Ու, ավաղ, շատ քչերի մտքով է անցնում, որ դա սխալ է, որ այդպես չպետք է լինի: Չե՞ որ թե դասախոսները, թե քարտուղարուհիները, և թե համալսարանի ցանկացած աշխատող ու պաշտոնյա մեզ` ուսանողներիս, ընդամենը ծառայություն են մատուցում: Չէ՞ որ դասախոսի համար համալսարանը ընդամենը իր աշխատանքի վայրն է: Չէ՞ որ դասախոսը, ինչպես նաև համալսարանի մնացած բոլոր աշխատողները, աշխատավարձ են ստանում հենց իրենց` ուսանողների վճարած գումարից:

Երբեմն հիշում եմ իմ համալսարանական տարիների որոշ միջադեպեր ու չգիտեմ` ծիծաղեմ, թե կատաղեմ: Եթե պատմեմ դրանք ամերիկացի, կամ նույնիսկ պարսիկ կամ եգիպտացի ցանկացած ուսանողի կամ դասախոսի, նրանք կկարծեն որ հորինում եմ: Օրինակ` մի օր, դասերս շուտ ավարտելով, կանգնած էի մեր ֆակուլտետի շենքի առաջին հարկում: Հանկարծ լսեցի մի սաստիկ ճիչ ու զայրացած բղավոցներ: Մոտեցավ մի ցածրահասակ մարդ, որը, ինչպես հետագայում իմացա, ֆակուլտետներից մեկի դեկանն էր (անունը կգերադասեմ գաղտնի պահել), ու բղավեց. “ի՜նչ եք անում այստեղ, դասը սկսվել է, հըլը մի հատ անցեք լսարա՜ն”: Հարց է ծագում` ինչու՞: Ով ես դու, ծերուկ. ո՞վ է քեզ իրավունք վերապահել ինձ վրա առհասարակ բղավել կամ ցուցումներ տալ: Եւ մի՞թե միջանցքը, ուր կանգնած եմ, քո տան նախասրահն է, ուր դու ես տերն ու տիրականը: Մի ուրիշ անգամ էլ սփյուռքահայ ընկերներիցս մեկը խնդրել էր մտնել համալսարանի համապատասխան բաժինն ու տեղեկանալ, թե ի՞նչ փաստաթղթեր ու քննություններ պիտի նա հանձնի` ԵՊՀ ընդունվելու համար: Միամիտս` ընկերոջս Հայաստանի մայր բուհում սովոլու հեռանկարով խանդավառված` մտա այդ մայր բուհի շենքերից մեկի` պատկառանք ներշնչող ստվերոտ խոռոչը, հասա համապատասխան գրասենյակին, ու երբ համարձակվեցի նախասրահում նստած քարտուղարուհուն հարցնել, թե ում կարող եմ իմ հարցով դիմել, սենյակներից մեկից դուրս եկավ պսպղուն, կապույտ աչքերով, միջին տարիքի մի մարդ, ու հետաքրքրվեց, թե ինչ եմ անում այդտեղ. և դա` այնպիսի ձայնով, ինչպես որ կհարցներ Կաթողիկոսը` Մայր Տաճարում արևածաղկի սերմ ուտող մի երիտասարդի: Սակայն ենթադրելով, որ հենց այդ մարդն էլ կարող է հարցիս պատասխանել, բերանց բաց արեցի, որպեսզի խոնարհաբար զեկուցեմ, թե ինչ խնդրով եմ համարձակվել գալ: Բայց բերանիցս այդպես էլ որևէ հնչյուն չհասցրեց դուրս գալ. կապուտաչյա մարդը հրամայեց անմիջապես ձեռքերս իջեցնել: Նոր նկատեցի, որ այն պահին երբ նա դռան հետևից դիմացս հայտնվեց, ես` լկտիս, կանգնած էի` ձեռքերս կրծքիս ծալած: Ճիշտն ասած, այլ պարագայում դեմ չեի լինի իջեցնել: Սակայն հրամանը հնչեց այնքան վիրավորական ու տհաճ, որ հրաժարվեցի դա անել, ու ինքնատիրապետման գերմարդկային ջանքեր գործադրելով, փորձեցի նրան բացատրել, որ հետս այդպես խոսելը ճիշտ չէ: Դրան հետևեց այդտեղից դուրս կորչելու պահանջը: Մարդուս իրավունքներն ու արժանապատվությունս պաշտպանելու բոլոր փորձերը ապարդյուն անցան: Նրա ճիչը ավելի ու ավելի էր սաստկանում, ու ես` որքան էլ վրդովված` ակամայից կատարեցի նրա հրամանը, այսինքն` դուրս կորա:

Դեպքն անչափ վրդովվեցուցիչ է: Սակայն էլ ավելի վրդովվեցուցիչ է այն, որ նման դեպքեր կրկնվում են ամեն օր ու բոլոր բուհերում, ու որևէ մեկը չի էլ զարմանում դրանց վրա: Ու որ դրանք դիտվում են, որպես ուսանող-դասախոս հարաբերությունների անբաժան մասը: Արդյոք մեզանից որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ երբ նրան, կամ նրա համակուրսեցուն, կամ, ավելին` ամբողջ կուրսին, “հիմար”, “ապուշ” ու “անկիրթ” են անվանում, կարելի է բոլորով լսարանից դուրս գալ: Արդյոք մեր` իննսուն հոգանոց կուրսից գոնե մեկի մտքով անցա՞վ, որ երբ դասախոսը, սրտխառնոցի ու գլխապտույտի նոպայի պատճառով լսարանից առանց հարցնելու դուրս գալ համարձակված մի աղջկա “մեյմուն” ու “անդաստիարակ” անվանեց, կարելի էր մի մարդու նման լքել լսարանը, թողնելով, որ հարգարժանը մենության մեջ մտածի, թե ով է իսկական “անդաստիարակն” ու “մեյմունը”: Երևի` չէ: Իմ մտքով գոնե չանցավ: Չանցավ, որովհետև սովոր էինք որ մեզ վիրավորեն: Ու կարծում էինք, որ նա ընդամենը “կռիս դասախոս” է, այլ ոչ թե հիվանդ հասարակության ախտանիշ:

Վերջերս ընկերնեիցս մեկը, որն ընդունվել է ԱՄՆի, ու թերևս աշխարհի, ամենահեղինակավոր բուհը` Հարվարդ, զարմանքով ինձ ասաց, որ ամեն տեղ, ուր նա մտավ, իր հետ “կարգին, քաղաքավարի խոսացին”: Հիշեցի կապուտաչյա ծերուկի միջադեպը, ու էլի շատ ու շատ միջադեպեր: Հիշեցի, որ մեր` բուհերի միջազգային վաջկանիշի սանդղակում առհասարակ տեղ չգտած բուհ-իկի ամենավերջին քարտուղարուհին այնպիսի տեսքով է թուղթ ստորագրում, կարծես դա Սևրի պայմանագիրն է: Կամ էլ առհասարակ չի ստորագրում, այլ շարունակում է գորշացած, կոտրված բռնակով սուրճի բաժակը պտտել մատների մեջ, ու առանց գլուխը բարձրացնելու` վեհաբար ասում, որ վաղը գաք, այսօր զբաղված են:

Ի դեպ, վարկանիշից խոսեցի: Այո, սանդղակում չկանք, բայց ոչ ոք չի էլ ձգտում, որ հանկարծ մի օր հայտնվենք դրա գոնե ամենավերջին աստիճանին: Ինչպես մենք` հայերս սիրում ենք հաճախ անել, էլի պիտի մեզ ակամայից համեմատեմ հրեաների հետ, տվյալ դեպքում` մեր բուհերը` նրանցի հետ: Աշխարհի չորս հազար լավագույն համալսարանների մեջ, Երուսաղեմի Եբրայական Համալսարանը (Hebrew University of Jerusalem) գրավում է 153-րդ, իսկ ըստ այլ հաշվարկների` 65-րդ տեղերը: Ստամբուլի համալսարանն, ի դեպ, առաջին հինգ հարյուրյակի մեջ է: Հայկական գիտության օրրանը այդ ցուցակում, ավաղ, չկա նույնիսկ ամենավերջին տեղում: Եւ դրա մասին շատ քիչ մարդ է անհանգստանում: Գուցե համակարգչից ու համացանցից օգտվել չկարողանալու՞ց: Չգիտեմ ինչու, բայց փաստը փաստ է: Գուցե ճիշտ էլ անում են… Գուցե “ոգի” ու “հայ” դաստիարակելը ավելի կարևոր խնդիրներ են, քան ուժեղ գիտություն ու համաշխարհային մակարդակի, տարբեր ոլորտներում ճանաչված գիտնականներ ունենալը: Քան պատրաստելը միջազգային ատյաններում մարտունակ մասնագետներ, ովքեր աշխարհին արհեստավարժ ու քաղաքակիրթ կերպով կհասկացնեն, որ հենց նույն հայերս, “հայկական ոգի” ունենալուց բացի` հարգանքի արժանի ու քաղաքակիրթ ժողովուրդ ենք: Գուցե դա ավելի կարևոր է, քան քո համալսարանի անունը` աշխարհի լավագույն գիտական կենտրոներում տեղի ունեցող գիտաժողովներում երևալն ու դրանով իսկ` դրա պատիվը բարձրացնելը: Գուցե: Քանզի կոնֆերանսների մասնակցելն էլ` ի թիվս այլ բաների, ամենեվին էլ չի խրախուսվում: Քեմբրիջի համալսարանում գիտաժողովի մեկնող ընկերներիցս մեկը, երկարատև ու ստորացուցիչ պայքարից հետո միայն կարողացավ իր` ԵՊՀ-ի դասախոս լինելը հաստատող մի փոքր թղթի կտոր ստանալ այս հատատության բազմածալ ատյաններից: Հանկարծ ԵՊՀ-ի անունը որևէ տեղ թող չերևա՜… Հանգիստ կացեք, չի էլ երևում:

Էլ ո՞րն ասեմ: Ցավալի դեպքեր շատ կան, ու դրանք թվարկելը շատ ժամանակ կխլեր: Գիտեմ միայն, որ դրանք բոլորը մի հիվանդագին երևույթի ախտանիշեր են: Ախտանիշներն են այն բանի, որ այդ` “ոգի տվող”, “հայ դաստիարակող” հաստատությունն ընդմանը շարունակում է սովետական փտած ու ստրկամիտ` “գեստապոյական” հոգեբանությունը սերամենել երիտասարդ սերնդի մեջ: Ու այս տխուր վիճակը քողարկվում է “հայկական ոգու ու դաստիարակության” մասին բարձրագոչ ու որևէ բան չնշանակող կարգախոսներով. ու արդարացվում` “ցավ սրտի ցավ մխիթարանք” հանդիսացող հուշերով` մեր թատրոնի երկուհազարամյա գոյության ու բոլոր մնացածի` այդ ժամանակ ծառերի վրա ապրելու մասին: Ակամայից ուզում ես բացականչել` հերիք ա, ինձ նոր ոգի մի տվեք. իմը ինձնից մի խլեք, նորը չե՜մ ուզում: Թե չէ ` մեր հազարագանձ ոգիներն ու դաստիարակությունը շալակած, հիմա էլ մենք պիտի ծառ բարձրանանք…