August 10, 2008

Մտորումներ մեր լեզվի, խոսքի ու ազգային արժանապատվության մասին

Վերնագիրս տեսնողն անմիջապես կմտածի, որ սա հերթականն է այն հրապարակախոսական ընդզումներից` ընդդեմ օտարամոլության ու հանուն մեր լեզվի մաքրության: Սակայն այդպես չէ: Ուզում եմ անդրադառնալ ոչ թե հայոց լեզուն օտարաբանություններից մաքրելուն, որոնք անխուսափելի են զանկացած լեզվում, և որոնցից հայերենը առավելագույնս զուրկ է, այլ մեր լեզվի և ինքներս մեր նկատմամբ հարգանքին, ավելի ճիշտ` դրա բացակայությանը: Քայլեք Երևանով և կհամոզվեք, որ ճիշտ եմ ասում: Այցելեք հիմնարկներ, խոսեք մարդկանց հետ, մտեք սրճարաններ, և էլի կհամոզվեք, որ ասածս ճիշտ է:


Ինչու, ասացեք խնդրեմ, ինչու պիտի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ռուսերեն ցուցանակները եթե ոչ գերազանցեն, ապա գոնե իրենց թվով չզիջեն հայերեններին: “Покупаю волосы… Крашу волосы, делаю меллировку…” Մի՞թե այդ ծառայություններից օգտվողները, կամ իրենց մազերը վաճառել ցանկացողները հայերեն չգիտեն: Ոչ, գիտեն… Ուղղակի հայերեն գրելը “պրեստիժնի” չէ: Հայերենը գործածել չցանկացողների հետ վեճերի ժամանակ նրանց բերած հիմնական հիմնավորումներից մեկն է լինում` “ռուսերենը ավելի հարուստ լեզու է”: Խորին հիացմունք եմ տածում ռուսերենի հարստության ու գեղեցկության նկատմամբ (ի դեպ, այդ լեզվին շատ լավ տիրապետում եմ): Սակայն չեմ ուզում երկարացնել և խոսել նաև մե՛ր դարավոր ոսկեղենիկ լեզվի ճոխության, Նարեկցու ու Չարենցի մասին: Այցելեք հայ գրականության ցանկացած դասախոսություն և կլսեք այդ ամենը: Եւ նույնիսկ եթե մի կողմ դնենք Նարեկացուն ու Չարենցին, մի՞թե մեր լեզուն այդաստիճան աղքատ է, որ դրանով հնարավոր չէ արտահայտել այն պարզագույն միտքը, որ ոմն մեկը ցանկանում է գնել մեկ ուրիշի մազերը, կամ դրանք ներկել, կամ այլ փորձությունների ենթարկել…


Վերջերս մտա Երևանում այնքան տարածված թոնրատներից մեկը: Եւ ի՞նչ: Թոնրատան ամբողջ կերակրացուցակը (մենյուն) գրված էր բացառապես ռուսերեն: Ախորշալի ու հյութեղ հնչող` մեր “խորովածի”, “քյաբաբի”, “չալաղաջի” ու այլ խորտիկների անունները վերածվել էին кебаб-ի, шашлык-ի, ու свиное филе-ի: Հանուն ինչի՞: Մի՞թե թոնրատան հարգարժան տերը մտածել էր, որ հաճախորդների մեջ այնքան շատ կլինեն հայերեն չիմացողները, որ նպատակահարմար կլինի ամբողջ գնացուցակը ռուսերեն գրել: Մեկ այլ սրճարանում էլ կերակրացուցակը գրված էր ռուսերեն և անգլերեն: Կարծես թե այստեղ միայն ու միայն զբոսաշրջիկներ պիտի այցելեին:


Ինձ մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ մեր հայրենակիցներից շատերը ռուսերենը չեն համարում “ամբողջությամբ օտար” լեզու: Կարծես այն լինի հայերենի մի տարբերակ, ավելի հեղինակավոր, “պրեստիժնի” տարբերակ, որով խոսելը ու գրելը կիրթ ու գրագետ լինելու նշան է:


Մեկ այլ ապշեցուցիչ երևույթ ևս. շատերդ լսած կլինեք այսպիսի մի արտահայտություն. “ես հայերեն չեմ կարդում”: Եւ դա ասում են մարդիկ, ովքեր ծնվել ու մեծացել են Հայաստանում: Աստվա՜ծ իմ, ինչու՞՜: Մի՞թե, հարգելի բարեկամս, դուք չեք գնացել հայկական դպրոց (քանի որ հիմա ռուսական դպրոցներ չկան), իսկ եթե ռուսական դպրոց էլ գնացել եք, մի՞թե չեք ունեցել հայերենի դասեր: Մի՞թե, դպրոցում սովորելու ժամանակ և դրանից հետո ձեր ամբողջ առօրյայում չեք խոսել և լսել հայերեն, հեռուստացույցով չեք լսել հայերեն հաղորդումներ ու նորություններ: Մի՞թե ցուցանակների վրա չեք կարդացել հայերեն տառեր ու չեք ստորագրել հայերեն փաստաթղթեր... Վերջապես, մի՞թե չորս կամ հինգ երկար տարիներ չեք սովորել հայալեզու բուհում, կարդացել հայերեն դասագրքեր, հայերեն դասախոսություններ լսել, հայերենով քննություն տվել ու կուրսայիններ ու ռեֆերատներ գրել: Ներեցեք բարեկամս, բայց այսքանից հետո մնում է անել երկու եզրակացություն. կամ դուք ծայրաստիճան անընդունակ եք և ի վիճակի չեք եղել տասնամյակներ Հայաստանում ապրելուց, հայալեզու բուհում և հաճախ նաև` դպրոցում սովորելուց հետո հայերեն կարդալ սովորել, ինչը անհավանական է, քանի որ, չգտնվելով ռուսական միջավայրում ու շատ ավելի քիչ շփում ունենալով ռուսերենի հետ, հպարտորեն նշում եք, որ “այ ռուսերեն իհարկե կարդում եք”. կամ ել` երկրորդ տարբերակը, “հայերեն չեք կարդում” որովհետև չեք ուզում: Ու սա ինձ համար շատ ավելի ցավալի է: Որովհետև դա նշանակում է, որ ձեր լեզուն չեք հարգում ու համարում եք այն պակաս հեղինակավոր, որ ռուսերեն խոսելով ձեզ ավելի ինքնավստահ ու հարգված եք զգում: Մի՞թե այդքան դժվար է Հայաստանում ապրելով հայերեն իմանալը: Չէ՞ որ Հայաստանից դուրս ծնված, օտարալեզու միջավայրում մեծացած մեր բազմաթիվ հայրենակիցներ չեն խորշում հայերեն կարդալուց և իրենց տներում մեծ հպարտությամբ հայերեն խոսելուց` Հայաստանում ոչ մի անգամ եղած չլինելով:


Հայերենի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մեկ այլ ցնցող օրինակ է, երբ Հայաստանի որևէ շրջանից դուրս եկած մի երիտասարդ մեկ տարով գնում է Ռուսաստան ու հայրենիք վերադառնալուց հետո սկսում է “մոռանալ” հայերեն բառեր, փոխարենը օգտագործելով ռուսերենը, կամ էլ առհասարակ որոշում է, որ ինքը ռուսերեն ավելի լավ գիտի ու “դառնում” ռուսախոս: Նման օրինակներ անվերջ կարող եմ թվել:


Վերջերս ստացա զինվորական գրքույկս: Այն բացեցի ու առաջին բանը որ աչքիս զարնեց` “ազգություն” դաշտում հպարտորեն գրված “армянин” բառն էր: Թերթեցի մնացածը ու տեսա, որ ձեռքով լրացվելիք բոլոր դաշտերը գրված էին գեղեցիկ ռուսերեն ձեռագրով:


Իմ խե՜ղճ փոքրիկ, բայց և ճոխ ու հարուստ հայոց լեզու… Այո, մայրիկիս պես անուշ ես դու, բայց և լքված, անարգված, ու միայնակ: Ի՞նչն է պատճառը այս ամենի: Երևի այն, որ այսօր հայ լինելը, կամ, ավելի ճիշտ, Հայաստանի (որի պետական լեզուն է հայերենը) քաղաքացի լինելը ամենաապահով, ամենահարգված ու ամենաձեռնտու բանը չէ: Հայաստանի անձնագիրը օտար մի երկրում ձեր նկատմամբ հարգանք չի առաջացնում, ձեզ չի պաշտպանում անօրինություններից: Իսկ այ Հայաստանու՜մ հայկական անձնագիր ունենալը ամենավտանգավոր բաներից մեկն է: Մի անգամ Զվարթնոց օդանավակայանում մեր Լոս Անջելեսցի հայրենակիցների մի մեծ խմբի հետ հերթ էի կանգնել` բեռները գրանցելու համար, երբ մի ցածրահասակ, նիհար ու խեղճ տեսքով ոստիկան մոտեցավ ու իր փոքրիկ իշխանության ահռելի բարձրուքից մեզ նայելով շատ կոպիտ հրամայեց, որ մարդիկ ցրվեն ու նեղվածք չստեղծեն: Լոս Անջելեսցիներից մեկը, որը, արտասանությունից դատելով, Երևանից էր գնացել ԱՄՆ, արդարացի վրդովմունքով բացականչեց. “Ինչ ես գոռում մեր վրա, մենք չենք ցրվի,- ու հետո ավելացրեց,- կարող ա գիտես հայաստանցի ենք, որ տենց ես խոսում?”, ոստիկանի քթի առաջ շարժելով իր ամերիկյան անձնագիրը: Ոստիկանը անմիջապես փոքրացավ, խեղճացավ, ու “ախպեր, ցավդ տանեմ”-ներով փորձեց մեղմել իր անհարգալի վերաբերմունքը: Այո, Հայաստանում հայաստանցիները երկրորդ “սորտի” մարդիկ են, ինչպես ժամանակին սևամորթները` Ամերիկայում:


Ի՞նչ անենք: Պարզվում է, մեր մեղքը չէ, որ մեր լեզուն հարգված չէ: Այն հարգված կլիներ, եթե հարգված լիներ այդ լեզվով խոսող մարդը: Ուրեմն ի՞նչ, հայերենը մոռանանք ու սկսենք ուրիշ լեզուներո՞վ խոսել: Թե՞ սպասենք, մինչև Հայաստանը կդառնա օրինական երկիր, ուր իր քաղաքացին կզգա իրեն հարգված ու պաշտպանված: Չէ, կարծում եմ, դա չէ ելքը: Չէ՞ որ մեր ոսկեղենիկ հայոց լեզուն մեծ խնամքով կարողացել ենք դարերի միջով, երկու ափի մեջ զգուշորեն բռնած, պետականության բացակայության պայմաններում, բարբարոսների նետերի տարափի ներքո, փայփայելով հասցնել մինչև այն օրը երբ կունենանք մեր սեփական անկախ պետականությունը, մեր դպրոցները, համալսարանները, գրադարանները, հեռուստատեսությունը: Եւ այսքանից հետո մի՞թե պիտի հանդուրժենք մեր լեզվի ու ինքնության նկատմամբ անարգանք:


Լավ, կասեք դուք, իսկ ո՞րն է ելքը: Ելքը` անկախ ամեն ինչից ինքներս մեզ հարգելն է, ելքը` մեր լեզվով խոսելուց ու հայ լինելուց չամաչելն է, ելքը` ռուսական շրջապատ ընկնելուն պես, թուլացած ոտքերով “խաչիկների” մասին մեզ` հայերիս որպես վայրենի ու անկիրթ “կովկասցի” բարբարոսներ պատկերող անեկդոտներ չպատմելն է` ռուսների մեծահոգի ծիծաղը կորզելու ակնկալիքով: Այդ ժամանակ երևի թե մեզ մի փոքր ավելի հարգեն` թե՛ ուրիշները և թե՛ մենք ինքներս: