Հասմիկ Թովմասյան
Արդեն երրորդ տարին է ապրում ենք ԱՄն-ում, կամ ավելի ճիշտ կլինի ասել, փորձում ենք յուրացնել այստեղի խաղի կանոնները: Թվում է թե դժվար չի, բայց ամեն անգամ “’մեր”-ի հետ համեմատությունը հսկայական պարսպի պես կանգնում է մեր ու այս երկրի բարքերի միջև: Հազվադեպ դժվարությամբ ընդունում ենք, որ , այո, “մերը” զիջում է “սրանցին” (բայց ոչ երբեք “մենք”` “սրանց”) և սրա պատճառներից մեկն էլ այն է, որ հեռվում վերածվելով հայրենիքի հանդեպ կարոտով տառապող հոգիների` դառնում ենք խիստ սուբյեկտիվ և իդեալականանում այն ամենը ինչ մերն է: Դե բայց մենք դրա իրավունքն ունենք չէ՞: Ախր մենք այնպիսի արժեքներ ունենք, որոնց մասին այս բարբարոսները` ինչպես կասեր ամուսինս, չեն էլ երազի: Օրինակ միայն մենք գիտենք “իսկական” ընկերություն անել և առավել ևս հարևանություն: Այ սա մեխն է, տեղ հասանք:
Վերջին շաբաթների ամենակարևոր իրադարձությունը մեր կյանքում այն էր, որ ամուսնուս մայրը Հայաստանից մի քանի օրով եկել էր մեզ մոտ: Օդանավակայանից տուն հասան մի քիչ ուշ քան նախատեսել էինք, հետևաբար մի քիչ ուշ ժամի տեղի ունեցավ այն աղմուկը, որը սովորաբար լինում է հայերիս մոտ հյուր ընդունելիս, այն էլ այդպիսի հյուր և այդքան հեռու տեղից: Եվ մեր ամերիկացի “բարբարոս” հարևանը առանց հարգելու մեր` սեփական(վարձով) տան մեջ ցանկացած ժամի աղմուկ անելու իրավունքը ոչ միայն բարձրացավ և շատ քաղաքավարի ու ցածր ձայնով խնդրեց դադարեցնել աղմուկը, այլ նաև դրանից հետո գրեց տանտիրոջն այդ ամբողջ խեղճ ու կրակ միջադեպի մասին: Հաջորդ ամբողջ օրը նրա և առհասարակ ամբողջ ամերիկացի ազգի “ստոր, հարևանություն, ընկերություն չճանաչող” էությունը հայհոյելով` գազազած ամուսինս ինտերնետային կայքերը, բլոգները և ընկերների էլեկտրոնային փոստարկղերը լցրեց “էս անաղուհաց ազգի” մասին իր որակումներով և հարևանի ստոր արարքի ծաղկացրած նկարագրությամբ: Անշուշտ այդ “ծանր հոգեբանական” պահին, ես ամբողջությամբ նրա կողմից էի և հավանություն էի տալիս, որ “սա ապրելու տեղ չի”, “ինչքան շուտ փախչենք էստեղից էնքան լավ” և այլն: Մի երկու օր անց կրքերը խաղաղվեցին ու հայաստանյան երանելի հարևանության մասին մտածելիս, հիշեցի մեր այս տարվա վերանորոգումը Երևանում` Բաղրամյանի Սոսե 2 հասցեով գտնվող տանը:
Մայիսին վերադարձանք Երևան ու քանի որ մեր տունը բավականին անմխիթար վիճակում էր, որոշեցինք մի թեթև վերանորոգել: Շինարարությւնն առանց աղմուկի չի լինում, բայց մենք, որպես ԱՄՆ-ում ապրող մարդիկ` հարգելով մարկանց հանգիստ և անաղմուկ ապրելու իրավունքը, փորձեցինք այն հասցնել նվազագույնի: Օրինակ` մեր խնդրանքով վարպետը գալիս էր ոչ ավելի շուտ քան ժամը 10-ը և աշխատանքը դադարեցնում երեկոյան 6-ին: Կիրակի օրը նույնպես հայտարարված էր հանգստյան օր: Այսինքն մեր հաշվարկով աղմուկը սկսվելու էր այն ժամանկ, երր մարդկանց մեծ մասը գնում են աշխատանքի և դադարեցվելու ճիշտ այն պահին, երբ մարդիկ վերադառնում են տուն: Գումարած սրան, նախապես ամուսինս թակել էր բոլոր այն դռները, որ կարող էր հասնել մեր թխկոց-չխկոցը և քաղաքավարի զգուշացրել սկսվող նորոգման մասին , ինչպես նաև ներողություն խնդրել գալիք անհանգստության համար: Ավաղ, մեր բոլոր ջանքերը անցան ապարդյուն և ես, որ գրեթե ապրած չլինելով այդ շենքում հարևաններին չէի ճանաչում, հասցրեցի բոլորին ճանաչել, ինչպես նաև փոխհատուցել մեր պատճառած մի քանի վնասներ(վերանորոգել հարևանի առաստաղը, որը մի քիչ ջրել էինք): Բոլոր հարևանները, կամ գրեթե բոլորը, իրենց պարտքն էին համարում թակել դուռը, հայտնել իրենց բողոքը աղմուկի, փոշու, մեր կողմից երբեմն օգտագործվող վերելակի և ամենազավեշտականը վատ հոտի առիթով: Ոմանք, ի պատիվ իրենց, դա անում էին մարդավարի, ոմանք այնպես էին բղավում, որ ես սկսում էի անհանգստանալ նրանց առողջության մասին: Իսկ մեկն էլ ուղղակի ատրճանակը կողքից կախած եկե էր ու “լավով” խնդրել, որ շինարարական աղբը անմիջապես հանվի միջանցքից, “լավով” էր խնդրել, առայժմ….
Մի չարաբաստիկ օր էլ պահարան իջեցրինք վերելակով և այն… փչացավ: Շատ խորը զղջալով մեր արած հիմարության համար անմիջապես վազեցինք դրանքվ զբաղվող “լիազոր” տիկնոջ մոտ և ասացինք, որ մեզ վրա ենք վերցնում բոլոր ծախսերը ` և վերելակի և “լիֆտյոռի”: Տիկինը, որը նախօրոք ինձնից գանձել էր ամսավարձի եռակի չափը, քանի որ մենք շինարարություն ենք անում, շատ հանգիստ ընդունեց իրավիճակը և անմիջապես զանգեց վարպետին: Ըստ երևույթին Սովետական ժամանակներից ժառանգություն մնացած վերելակը հաճախ էր փչանում: Հազիվ էին հասցրել տիկնոջ մոտից իջնել, երբ հանկարծ մեր առջև հայտնվեց մի գազազած տղամարդ և սկսեց բղավել.
_Ապեեեեեե, էս լիֆտը որ սենց փչացրել եես, գիդեես, որ կարամ նենց անեմ, էլ վաաբշե դու ես լիֆտից չօգտվեեեեեեեես:
Մինչ ամուսինս փորձում էր հավատարիմ մնալով ժանրի կանոններին` պնդել նրա սխալ լինելը, ես, նորից մեր ամերիկյան իրականության հետ ունեցած առնչությունը հիշելով, փորձում էի բացատրել մեր` որպես բնակիչ ունեցած իրավունքները և հետևաբար վերելակից օգտվելու իրավունքը և առավել ևս իր` մեզ հետ այդպես խոսելուիրավունքի բացակայությունը : Ու հանկարծ լսեցի.
_ Ինքը քաղաքապետարանի աշխատող ա:
Ահաաա, թե իիիինչ!!!!!! Մեզ հետ խոսում է պետական այրը, իսկ այդպիսիք մեր երկրում, ինչպես հայտնի է, ամեն-ինչի իրավունք ունեն: Դրանում մենք համոզվելու շաաատ առիթներ ենք ունեցել, իսկ ամենաթարմը մարտի մեկն էր ու դրան հաջորդող դեպքերը: Այո, ինչքան էլ ցավալի է, մեր երկրում մարդը արժեք չի, մարդու իրավունքներն էլ ` երեկոյան քնելուց առաջ մեծերին պատմվող հեքիաթ, բայց հիմա մենք այդ հեքիաթն էլ այլևս չենք ուզում լսել ու ձեռքներս թափ տալով մեր սիրելի Հայկո-Մկոյի կամ Մկո -Հայկոյի նման ասում` Հեքիաթները կողքի բաժնում, իսկ տվյալ դեպքում կողքի երկրներում, ասենք հենց Ամերիկայում, ուր բոլորվին վերջերս նախագահ ընտրվեց սևամորթը, նախկին ստրուկը, նախկին իրավուքներից զուրկը ու պիտի իշխի իրեն` ժամանակին ստրկացնողներին, պիտի որոշի նրանց ճակատագիրը, որովհետև այդպես է ուզում ժողովուրդը, այդպես է ուզում, քաղաքացին, մարդը, ազատ մարդը, առանց վախերի ապրող մարդը: Եվ ինչ փույթ, որ նրանք “իսկական” հարևանություն անել չգիտեն…իսկ մենք….. գիտենք:
3 comments:
Hasmik jan, HZOR hodvac e!!!!! apres. mi shnchov kardaci.
Artak Sh.
Վերջին տողերն իսկապես տխուր են, տխուր ու ավաղ, ճիշտ:
Ողջույն Հասմիկ,
Շատ հետաքրքիր հոդված է։ Ես էլ երբեմն հարցնում եմ ինքս ինձ, թե կկարողանամ նորից համակերպվել Հայաստանցի հարեւանների, բարեկամների հետ։ Այստեղ՝ ԱՄՆում, ամեն ինչ արվում է սահմանադրական կարգի շրջաններում։ Երբ հարեւանը աղմկում է, կարող ես դիմել ոստիկանին, որպեսզի նա խնդրի հարեւանին վերջացնել աղմուկը։ Երկու անգամ փորձելուց հետո, ոստիկանն իրավունք ունի այդ աղմկոտ հարեւանին տանել բանտ։ Այդպիսին է սահմանադրական կարգը ԱՄՆում. բոլորովին անմարդկային (Հայերի համար :))
Իսկ Ձեր գրառման վերջին մասը՝ քաղաքապետարանի աշխատակցի բիրտ խոսքերի մասին, լրիվ ապացուցում է այն, որ Հայաստանում բոլոր պետական այրերը՝ նույնիսկ հասարակ ոստիկանն ու փոստի աշխատողը, կաշառակեր, սոված, դաժան, անդաստիարակ մարդիկ են, որոնք գործի անցնելուց առաջ պետք է մի փոքր հասկանան թե ինչ է փոխադարձ հարգանքը. ԱՄՆում այն ընդունված է որպես mutual friendship։
Հարգանքով,
Հակոբ
Post a Comment