October 31, 2008

Ամերիկական հարևաններ

“Հարևան”սա այն բառն է, որը անօրեն, անապահով ու թշվառ Հայաստանի պայմաններում նույնիսկ` մեզանից շատերի մոտ դեռ առաջացնում է ջերմության ու հարազատության զգացում: Հարևանը այն մարդն է, որից կարող ես մի բաժակ ալյուր խնդրել, մի հատ ձու, կամ էլ խնդրել երեխայիդ նայել, մինչև դու արագ վազելով կգնաս խանութ: Հարևանը լավագույն բարեկամն է թե "ինտելլիգենտ"ների, թե "քուչի տղեքի" (քանզի քուչեն հենց բաղկացած է հարևաններից), թե դպրոցի ուսուցիչների, և թե սլեսարների ու էլէկտրիկների: Հարևանը այն մարդն է, որի` ծնունդի քեֆի ժամանակ հանած աղմուկը դու հեշտությամբ կհանդուրժես, չես բողոքի, ու, Աստված միարասցե, չեզ զանգի "միլիցա", քանի որ գիտես, որ մի օր էլ դու ես նման ծնունդ անելու, կամ մի օր նա քեզ պիտի հազար դրամ տա, երբեք չակընկալելով այն հետ ստանալ:

Մի խոսքով, մեր հասարակության (հատկապես վերջին տարիներին առաջացած) հոռի, տգեղ ու վանող երևույթների կողքին, ջերմ, ընկերական, ու մեր թերությունները հանդուրժող հարևանությունը այն քիչ բաներից է, որ շատերիս դեռ ստիպում է հայրենիքը չլքել ու չգնալ մոսկվաներ, լոսեր ու փարիզներ:

Այլ բան են ամերիկական հարևանները, գոնե նրանք, ում հետ ես եմ ապրում (քանզի չեմ հավակնի նույն բանը պդնել այս 250-միլոնանոց ազգի բոլոր հարևանների մասին): Ես ու ընտանիհքս ապրում ենք Կոննեկտիկուտ նահանգում` մի երկհարկանի գողտրիկ շենքի երկրորդ հարկում, մի երիտասարդ զույգի վերևում: Տունը, թեև արտաքուստ աղյուսից է շարված, ներսից ներսից ամբողջությամբ փայտից է: Եւ ուստի բնակարանների ներսում ստեղծվում է հոյակապ ձայնահաղորդում` վերևի բնակարանից ներքև, և փոխադարձ: Ինչպես ասել են Իլֆը և Պետրովը իրենց անմահ "Տասներկու աթոռ" երկում, "փայտե սալիկները ձայնի լավագույն հաղորդիչ են" (фанера лучший проводник звука): Եւ ուրեմն երկու շաբար առաջ, ներքևի հարևաններս, որոնք երիտասարդ զույգ են, չունեն երեխաներ, բայց, հավանաբար, ունեն լիքը ընկերներ, որոշեցին քեֆ, կամ, ավելի ճիշտ (տեղի համն ու հոտը պահպանելու համար, օգտագործեմ տեղական եզրույթը) “փառթի” կազմակերպել: Հավաքը սկսվեց ժամը 9-ի կողմերը, ու տեևեց միչև ուշ գիշեր: Գնալով ուժեղացող գվվոցն ու խոսակցությունները աստիճանաբար վերածվեցին ճիչերի ու հարբաց բացականչությունների, ու գիշերվա ժամը երկուսի մոտ մի խումբ տղա ու աղջիկ սկսեցին վազվզել բնակարանով մեկ` բղավելով, ծիխաղելով, ու էլի եսիմ ինչ հիմարություներ անելով: Ես ու կինս համբերատար տանում եինք, նույնիսկ պապիկ-տատիկավարի մի քիչ ուրախանում, որ "ջահելները տենց հավեսով քեֆ են անում": Եւ այդ ամենը` չնայած այն փաստին, որ "фанера лучший проводник звука"

Եւ չնայած այդ ամենին, մտքներովս էլ չանցավ բողոքել, և, Աստված միարասցե, բողոք ուղղել բնակարաների վարչությանը, քանզի լավ հայ հարևանների ոգով, պատրաստ եին տանել մեր հարևանների փոքրիկ թերացումները, քանզի, "դե հարևան մարդիկ են էլի, մի օր քեֆ են անում, թող ուրախանան, վայիս չլնենք":

Ինչևէ, եկավ մեր աղմկելու հերթը: Եւ այն էլ ինչ աղմկել՜, ընդամենը մի քիչ ուշ որոշեցինք բազմոցի տակը փոշեծծիչով մաքրել, քանզի դրա վրա հյուրերին պիտի պառկացնեինք և չեինք ուզում, որ փոշոտ լինի: Եւ քանի որ հյուրեր ունեինք, վեց ոտքի փոխարեն, հատակին քայլում էին տասը: Եւ փայտե սալիկների վերս նշված հատկության շնորհիվ, մեր (դարձյալ երանությամբ կրկնեմ այդ ջերմ բառը) ՀԱՐԵՒԱՆների տանի աղմուկը երկու հինգերորդով շատացավ, չհաշված, իհարկե, փոշեծծիչի ձայնը: Եւ, ինքներդ կարող եք պատկերացնել, սա երբեք չի համեմատվի այն հարբած աղմուկի հետ, որ տևեց մի քանի ժամ դրանից երկու շաբաթ առաջ` նրանց փառթիի ժամանակ: Եւ երբ մեր սիրալիր հարևանը դուռը ծեծեց, ես չթողեցի որ նա սկսի խոսել, և առաջինը ներողություն խնդրեցի մեր հանած աղմուկի համար, ասելով, որ դա չի կրկնվի: Եւ իսկապես, վերջ ի վերջո, ժամը տասներկուսն էր, և գուցե մարդիկ պատրացտվում էին քնել:

Ու քանի որ այդ երիտասարդի հետ ոչ միայն ոչ մի անգամ սուրճ չեինք խմել մեր տանը (առավել ևս` նրանց), այլև նույնիսկ անունը չգիտեի (քանզի ամեն անգամ մեզ տեսնելիս այտոսկրերի վրայի մաշկը բարձրացնում էր ու իջեցնում բերանի անկյունները` երևի փորձելով ժպտալ, գլուխը քաշում էր ուսերի մեջ, ու շտապ հեռանում` տիպիկ ամերիկական պահվածք), նրանից չեի էլ ակնկալում նորմալ հայ հարևանի հանդուրժողականություն: Դե, իհարկե, կարող էի ասել, “բա որ դուք էն օ՜րը ճըտ էիք ու աղմկում էինք, մենք բան ասցի՞նք”, բայց մտածեցի, “մարդիկ մի անգամ քեֆ են արել, հարամ չանեմ”: Իմ հայկյան նախնիներից ժառանգած ոգու մեծությունը թույլ չտվեց ինձ “էրեսով տալ”:

Սակայն միայն այն ժամանակ իսկապես զղջացի “մեծահոգությանս” համար, երբ առավոտյան նամակ ստացա բնակարանների վարչությունից, ուր ասվում էր, որ մեր տակի (ափսոս էլ է այդ բառը ասեմ) հարևանները բողոքել են, որ ոչ միայն հսկայական աղմուկ ենկ բարձրացրել փոշեծծիչով, այլև անգամ նրա զգուշացումից հետո այդ աղմուկը շարունակվել է… Եւ որ ամենավրդովեցուցիչն էր, ոչ մենք շարունակաբար գիշերները աղմկում ենք ու չենք թողնում իրենց` քնել:

Այ այստեղ “ֆազս գցե՜ց”: Ինձ զգացի ինչպես Իսրայել Օրին կամ Հովսեփ Էմինը, որոնք իրենց հայկական միամտությամբ հայացքներն ուղղել էին դեպի Հյուսիսի ու Արևմուտքի ավելի հզոր, բայց ոգով բարբարոս ազգերը, ու վերջում հայտնվեցին թղթե շերեփը ձեռքներին: Կամ ինչպես մեր մեծն Արշակ թագավորը, որը, գտնվելով նենգ Շապուհի պալատում, որի մի մասը ծածկված էր հայկական, մյուսը` պարսից հողով, հայկականի վրայով քայլելիս հողորտում էր, իսկ պարսից հողի վրա կանգնելով` ընկճվում: Ես էլ, ինչպես Արշակը, զգացի ինձ ինչպես բարբարոս թշնամու երկրում գտնվող, սակայն իր հողի վրա կանգնած մի հայ արքա: Ուզեցի իջնեմ հարևանիս մոտ, դուռը ծեծեմ, բռնեմ օձիքից ու, թեև ապեռոյական ենթամշակույթը չեմ սիրում, ասեմ, “ապպպպպեեեեեեեե, էս վրես միլիցա ե՞ս բերե. չեիր կարա՞ գայիր տղավարի խոսաինք: Խի՞ ես մեջդ քցե”: Սակայն, բնականաբար չարեցի, քանի որ գտնվում էի բարբարոսների հողում, ու եթե այդպես անեի, էլ ավելի շատ բարբարոսներ պիտի գային, ու ինձ տանեին “քաղմաս”, իրենց հասարակական կարգ կոչվածը խանգարելու համար:

Եւ ուստի ձեռք եմ քաշում այս երկրում “հարևան” հասկացությանը գոնե հեռավոր կերպով հիշեցնող բան գտնել: Այսուհետ ես էլ, հարևաններիս տեսնելիս, պիտի կնճռոտեմ այտոսկրերս, իջեցնեմ բերանիս անկյունները, ասեմ “հայ” (չէ, “հայ”-ը այդ ես եմ, ավելի ճիշտ` “hi”), գլուխս քաշեմ ուսերիս մեջ, հայացքս իջեցնեմ, ու անցնեմ իմ ուղիով այս բարբարոսների երկրում, ու “ընկեր”, “հարևան”, և նման մի շարք բառեր լոկ դատարկ հնչյուններ են: Պիտի անցնեմ ուղիովս, էլ ավելի ամուր որոշելով վերադառնալ Հայաստան, ուր անօրինության, անապահովության, ու ամենաթողության հետ մեկտեղ, կան մարդկանց մի խումբ, որոնք քեզ կարիքի պահին մի բաժակ ալյուր կտան, երեխայիդ կնայեն, իսկ եթե քաղաքական հայացքներիդ համար քո հետևից “քաղմասից” գան, քեզ իր բնակարանում ապաստան կտա:

30.10.2008 Նյու Հեյվեն

0 comments:

Post a Comment