August 10, 2008

Մտորումներ մեր լեզվի, խոսքի ու ազգային արժանապատվության մասին

Վերնագիրս տեսնողն անմիջապես կմտածի, որ սա հերթականն է այն հրապարակախոսական ընդզումներից` ընդդեմ օտարամոլության ու հանուն մեր լեզվի մաքրության: Սակայն այդպես չէ: Ուզում եմ անդրադառնալ ոչ թե հայոց լեզուն օտարաբանություններից մաքրելուն, որոնք անխուսափելի են զանկացած լեզվում, և որոնցից հայերենը առավելագույնս զուրկ է, այլ մեր լեզվի և ինքներս մեր նկատմամբ հարգանքին, ավելի ճիշտ` դրա բացակայությանը: Քայլեք Երևանով և կհամոզվեք, որ ճիշտ եմ ասում: Այցելեք հիմնարկներ, խոսեք մարդկանց հետ, մտեք սրճարաններ, և էլի կհամոզվեք, որ ասածս ճիշտ է:


Ինչու, ասացեք խնդրեմ, ինչու պիտի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ռուսերեն ցուցանակները եթե ոչ գերազանցեն, ապա գոնե իրենց թվով չզիջեն հայերեններին: “Покупаю волосы… Крашу волосы, делаю меллировку…” Մի՞թե այդ ծառայություններից օգտվողները, կամ իրենց մազերը վաճառել ցանկացողները հայերեն չգիտեն: Ոչ, գիտեն… Ուղղակի հայերեն գրելը “պրեստիժնի” չէ: Հայերենը գործածել չցանկացողների հետ վեճերի ժամանակ նրանց բերած հիմնական հիմնավորումներից մեկն է լինում` “ռուսերենը ավելի հարուստ լեզու է”: Խորին հիացմունք եմ տածում ռուսերենի հարստության ու գեղեցկության նկատմամբ (ի դեպ, այդ լեզվին շատ լավ տիրապետում եմ): Սակայն չեմ ուզում երկարացնել և խոսել նաև մե՛ր դարավոր ոսկեղենիկ լեզվի ճոխության, Նարեկցու ու Չարենցի մասին: Այցելեք հայ գրականության ցանկացած դասախոսություն և կլսեք այդ ամենը: Եւ նույնիսկ եթե մի կողմ դնենք Նարեկացուն ու Չարենցին, մի՞թե մեր լեզուն այդաստիճան աղքատ է, որ դրանով հնարավոր չէ արտահայտել այն պարզագույն միտքը, որ ոմն մեկը ցանկանում է գնել մեկ ուրիշի մազերը, կամ դրանք ներկել, կամ այլ փորձությունների ենթարկել…


Վերջերս մտա Երևանում այնքան տարածված թոնրատներից մեկը: Եւ ի՞նչ: Թոնրատան ամբողջ կերակրացուցակը (մենյուն) գրված էր բացառապես ռուսերեն: Ախորշալի ու հյութեղ հնչող` մեր “խորովածի”, “քյաբաբի”, “չալաղաջի” ու այլ խորտիկների անունները վերածվել էին кебаб-ի, шашлык-ի, ու свиное филе-ի: Հանուն ինչի՞: Մի՞թե թոնրատան հարգարժան տերը մտածել էր, որ հաճախորդների մեջ այնքան շատ կլինեն հայերեն չիմացողները, որ նպատակահարմար կլինի ամբողջ գնացուցակը ռուսերեն գրել: Մեկ այլ սրճարանում էլ կերակրացուցակը գրված էր ռուսերեն և անգլերեն: Կարծես թե այստեղ միայն ու միայն զբոսաշրջիկներ պիտի այցելեին:


Ինձ մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ մեր հայրենակիցներից շատերը ռուսերենը չեն համարում “ամբողջությամբ օտար” լեզու: Կարծես այն լինի հայերենի մի տարբերակ, ավելի հեղինակավոր, “պրեստիժնի” տարբերակ, որով խոսելը ու գրելը կիրթ ու գրագետ լինելու նշան է:


Մեկ այլ ապշեցուցիչ երևույթ ևս. շատերդ լսած կլինեք այսպիսի մի արտահայտություն. “ես հայերեն չեմ կարդում”: Եւ դա ասում են մարդիկ, ովքեր ծնվել ու մեծացել են Հայաստանում: Աստվա՜ծ իմ, ինչու՞՜: Մի՞թե, հարգելի բարեկամս, դուք չեք գնացել հայկական դպրոց (քանի որ հիմա ռուսական դպրոցներ չկան), իսկ եթե ռուսական դպրոց էլ գնացել եք, մի՞թե չեք ունեցել հայերենի դասեր: Մի՞թե, դպրոցում սովորելու ժամանակ և դրանից հետո ձեր ամբողջ առօրյայում չեք խոսել և լսել հայերեն, հեռուստացույցով չեք լսել հայերեն հաղորդումներ ու նորություններ: Մի՞թե ցուցանակների վրա չեք կարդացել հայերեն տառեր ու չեք ստորագրել հայերեն փաստաթղթեր... Վերջապես, մի՞թե չորս կամ հինգ երկար տարիներ չեք սովորել հայալեզու բուհում, կարդացել հայերեն դասագրքեր, հայերեն դասախոսություններ լսել, հայերենով քննություն տվել ու կուրսայիններ ու ռեֆերատներ գրել: Ներեցեք բարեկամս, բայց այսքանից հետո մնում է անել երկու եզրակացություն. կամ դուք ծայրաստիճան անընդունակ եք և ի վիճակի չեք եղել տասնամյակներ Հայաստանում ապրելուց, հայալեզու բուհում և հաճախ նաև` դպրոցում սովորելուց հետո հայերեն կարդալ սովորել, ինչը անհավանական է, քանի որ, չգտնվելով ռուսական միջավայրում ու շատ ավելի քիչ շփում ունենալով ռուսերենի հետ, հպարտորեն նշում եք, որ “այ ռուսերեն իհարկե կարդում եք”. կամ ել` երկրորդ տարբերակը, “հայերեն չեք կարդում” որովհետև չեք ուզում: Ու սա ինձ համար շատ ավելի ցավալի է: Որովհետև դա նշանակում է, որ ձեր լեզուն չեք հարգում ու համարում եք այն պակաս հեղինակավոր, որ ռուսերեն խոսելով ձեզ ավելի ինքնավստահ ու հարգված եք զգում: Մի՞թե այդքան դժվար է Հայաստանում ապրելով հայերեն իմանալը: Չէ՞ որ Հայաստանից դուրս ծնված, օտարալեզու միջավայրում մեծացած մեր բազմաթիվ հայրենակիցներ չեն խորշում հայերեն կարդալուց և իրենց տներում մեծ հպարտությամբ հայերեն խոսելուց` Հայաստանում ոչ մի անգամ եղած չլինելով:


Հայերենի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մեկ այլ ցնցող օրինակ է, երբ Հայաստանի որևէ շրջանից դուրս եկած մի երիտասարդ մեկ տարով գնում է Ռուսաստան ու հայրենիք վերադառնալուց հետո սկսում է “մոռանալ” հայերեն բառեր, փոխարենը օգտագործելով ռուսերենը, կամ էլ առհասարակ որոշում է, որ ինքը ռուսերեն ավելի լավ գիտի ու “դառնում” ռուսախոս: Նման օրինակներ անվերջ կարող եմ թվել:


Վերջերս ստացա զինվորական գրքույկս: Այն բացեցի ու առաջին բանը որ աչքիս զարնեց` “ազգություն” դաշտում հպարտորեն գրված “армянин” բառն էր: Թերթեցի մնացածը ու տեսա, որ ձեռքով լրացվելիք բոլոր դաշտերը գրված էին գեղեցիկ ռուսերեն ձեռագրով:


Իմ խե՜ղճ փոքրիկ, բայց և ճոխ ու հարուստ հայոց լեզու… Այո, մայրիկիս պես անուշ ես դու, բայց և լքված, անարգված, ու միայնակ: Ի՞նչն է պատճառը այս ամենի: Երևի այն, որ այսօր հայ լինելը, կամ, ավելի ճիշտ, Հայաստանի (որի պետական լեզուն է հայերենը) քաղաքացի լինելը ամենաապահով, ամենահարգված ու ամենաձեռնտու բանը չէ: Հայաստանի անձնագիրը օտար մի երկրում ձեր նկատմամբ հարգանք չի առաջացնում, ձեզ չի պաշտպանում անօրինություններից: Իսկ այ Հայաստանու՜մ հայկական անձնագիր ունենալը ամենավտանգավոր բաներից մեկն է: Մի անգամ Զվարթնոց օդանավակայանում մեր Լոս Անջելեսցի հայրենակիցների մի մեծ խմբի հետ հերթ էի կանգնել` բեռները գրանցելու համար, երբ մի ցածրահասակ, նիհար ու խեղճ տեսքով ոստիկան մոտեցավ ու իր փոքրիկ իշխանության ահռելի բարձրուքից մեզ նայելով շատ կոպիտ հրամայեց, որ մարդիկ ցրվեն ու նեղվածք չստեղծեն: Լոս Անջելեսցիներից մեկը, որը, արտասանությունից դատելով, Երևանից էր գնացել ԱՄՆ, արդարացի վրդովմունքով բացականչեց. “Ինչ ես գոռում մեր վրա, մենք չենք ցրվի,- ու հետո ավելացրեց,- կարող ա գիտես հայաստանցի ենք, որ տենց ես խոսում?”, ոստիկանի քթի առաջ շարժելով իր ամերիկյան անձնագիրը: Ոստիկանը անմիջապես փոքրացավ, խեղճացավ, ու “ախպեր, ցավդ տանեմ”-ներով փորձեց մեղմել իր անհարգալի վերաբերմունքը: Այո, Հայաստանում հայաստանցիները երկրորդ “սորտի” մարդիկ են, ինչպես ժամանակին սևամորթները` Ամերիկայում:


Ի՞նչ անենք: Պարզվում է, մեր մեղքը չէ, որ մեր լեզուն հարգված չէ: Այն հարգված կլիներ, եթե հարգված լիներ այդ լեզվով խոսող մարդը: Ուրեմն ի՞նչ, հայերենը մոռանանք ու սկսենք ուրիշ լեզուներո՞վ խոսել: Թե՞ սպասենք, մինչև Հայաստանը կդառնա օրինական երկիր, ուր իր քաղաքացին կզգա իրեն հարգված ու պաշտպանված: Չէ, կարծում եմ, դա չէ ելքը: Չէ՞ որ մեր ոսկեղենիկ հայոց լեզուն մեծ խնամքով կարողացել ենք դարերի միջով, երկու ափի մեջ զգուշորեն բռնած, պետականության բացակայության պայմաններում, բարբարոսների նետերի տարափի ներքո, փայփայելով հասցնել մինչև այն օրը երբ կունենանք մեր սեփական անկախ պետականությունը, մեր դպրոցները, համալսարանները, գրադարանները, հեռուստատեսությունը: Եւ այսքանից հետո մի՞թե պիտի հանդուրժենք մեր լեզվի ու ինքնության նկատմամբ անարգանք:


Լավ, կասեք դուք, իսկ ո՞րն է ելքը: Ելքը` անկախ ամեն ինչից ինքներս մեզ հարգելն է, ելքը` մեր լեզվով խոսելուց ու հայ լինելուց չամաչելն է, ելքը` ռուսական շրջապատ ընկնելուն պես, թուլացած ոտքերով “խաչիկների” մասին մեզ` հայերիս որպես վայրենի ու անկիրթ “կովկասցի” բարբարոսներ պատկերող անեկդոտներ չպատմելն է` ռուսների մեծահոգի ծիծաղը կորզելու ակնկալիքով: Այդ ժամանակ երևի թե մեզ մի փոքր ավելի հարգեն` թե՛ ուրիշները և թե՛ մենք ինքներս:

15 comments:

Anonymous said...

hetaqrqir er... vogevorum e, vor der gone meky ka` HAY-i masin mtacox!

hamozvac em, vor petq e nkatel naev drakan zargacumner.

shnorhakalutyun!

Экзистенциалист said...
This post has been removed by the author.
Մուշեղ Ասատրյան said...

Այո, հարգելի Экзистенциалист, օդանավակայանի մասին էլ էի ուզում գրել, քանի որ դա ինձ էլ էր չափազանց տանջում ու ստորացնում, շնորհակալ եմ արձագանքելու համար:

Anonymous said...

Մուշեղ ջան, շնորհակալ եմ Ձեզ:
Խորապես հավատացած եմ, որ տվյալ նյութը ինչ-ինչ չափով կնպաստի, որ մեր երիտասարդների ճնշող մեծամասնությունը սկսի խորհրդածել սեփական հոգեկան դիմագիծը պահպանելու եվ ազգային ինքնությունը չկորցնելու վերաբերյալ: Հույժ ազդեցիկ էին Ձեր մտքերը: Ի դեպ ասեմ, երբեւ հանդիպածս այն երիտասարդներին, ովքեր զոռ են տալիս իրենց ռուսերենին , պատասխանում եմ միմիայն հայերենով: Ի վերջո հանձնվում են...
Փաստորեն ամեն ինչ չէ, որ կորած է:

Anonymous said...

Շատ ավելի զավեշտական դեպք է պատահել ինձ հետ երկու օր առաջ: Ինձ հարկավոր էր Արդարադատության Նախարարությունից գրություն վերցնել, որը ինձ ներկայացվեց ամբողջությամբ ռուսերեն: Այդ փաստաթուղթը պիտի գնա օտար երկիր, և ես ամաչում եմ որ իմ երկրի Կառավարական մարմիններից մեկը մինչև այսօր գրագրությունը վարում է ռուսերեն:

OA said...

aranc hayoc patmutuny haskanalu- anhnar e pahpanel hayoc lezun!

isk hay eritasardnery mer orerum zurk en bolor arzhekain hamakrgeric, cavoq!

Lilit said...

Es rusametutyamb chem tarapum, bajc rus sahmanapahner@ chen khangarum mez Erevani poxocnerum hajeren ev voch ruseren xosel.

Արսեն Խառատյան said...

Շատ կարևոր խնդրի ես անդրադառնում և շատ ուրախ եմ, որ դիտարկումներիդ մեջ համակողմանի ես:
Ու հիմա շարունակելով տրամաբանությունդ, թույլ տուր մի քիչ լայնացնել խնդիրը մասնավորապես հայալեզու գրականության պակասի վերաբերյալ:
Նախ կարծում եմ, որ բացառապես ռուսերենով կարդացող քաղքենի արտահայտությունն ունի նաև օբյեկտիվ հիմքեր: Մեր նորօրյա "շուկայական տնտեսության" պայմաններում համաշխարհային գրականության հսկայական ծավալը պարզապես անմիջականորեն հայերենով չեն թարգմանվում: Չեն թարգմանվում մի շարք պատճառներով. բավարար սպառում չկա որպեսզի թարգմանչական և տպագրական ծախսերը ծածկվեն, ասել է թե մեր երկրում և երկրից դուրս հայատառ գրքին փող տվողը քիչ է: Բացի այդ թարգմանչաց կարևորագույն գործը բավարար ծավալներով չի իրականացվում և ի դեպ մի ժողովրդի պարագայում, որ դարեր շարունակ թարգմանչաց տոն ունի, ըստ իս բացառիկ մի երևույթ: Եվ ուրեմն ընթերցող հայ հասարակությունը ստիպված է համաշխարհային գոհարներին ծանոթանալ ռուսերենով միջնորդավորված և ուրեմն ընթերցող հաջորդ սերունդն անպայման պիտի շարունակի ասել - ռուսերենն ավելի հարուստ լեզու է, կամ ես ռուսերենով եմ կարդում:
Եվ հիմա ինչ պիտի անենք ես դու մեր մյուս արևելագետ ու ոչ արևելագետ ընկերները: Լեզուներ գիտենք, շատերս նույնիսկ բավականին լավ գիտենք: Պիտի սկսենք թարգմանել Մուշեղ: Ուրիշ ճար չունենք: Պիտի սկսենք անմիջականորեն թարգմանել արաբերենից, պարսկերենից, անգլերենից ու սարդինաբալերենից և էլ չգիտեմ թե ինչից: Պիտի նաև Բակունց ու Մեծարենց թարգմանենք այլ լեզուներով: Սա չափազանց կարևոր է, եթե մենք չանենք սա արդեն տասնյոթամյա անկախ Հայաստան ունենալու պայմաններում ապա էլ երբ պիտի անենք, երբ նորից Եվրոմիություններում, Սովետներում ու չգիտեմ թե էլ ինչ միություններում հայտնվենք ու մեզ թույլ տան կամ չտան թարգմանել այս կամ այն գործը:
Սրանից զատ պիտի հայերենացնենք մեր ինտերնետային կյանքը: Ես ինքս ինձ համար որոշել եմ էլեկտրոնային նամակագրությունից մինչև բլոգեր և քննարկումներին մասնակցությունս իրականացնել բացառապես հայերենով: Կարծում եմ, որ լատինատառ հայերենից պետք է ձերբազատվել: Իմ ազգագրագետ ու մշակութաբան ընկերներն ինձ կասեն, որ դա ինքնին շատ հետաքրքիր մշակույթ է: Չեմ բացառում, սակայն ես ինքս ինձ համար ընտրում եմ գրել հայատառ նամակներ դրանով իսկ դիմացինիս ստիպել իր համակարգչի մեջ ունենալ հայերենը ընթեռնելի դարձնող ծրագրեր:
Մաշտոցն ու Սեբաստացին իրենց ժամանակին տվել են մեզ ողջ ռեսուրսը և ուրեմն պետք է այդ ռեսուրսը կիրառել և զարգացնել:

Artur Ghazaryan said...

Բարեվ ձեզ, ու շնորհակալություն նման լուրջ խնդրին անդրադառնալու համար:

Կյանքում բոլորիս հետ էլ պատահել են նման օրինակներ, ու ես կարծում եմ, որ այս հարցում պետք է մաքուր հայերենը դարձնել ուղղակի մոդայիկ:

Մեր երիտասարդությունն էլ մոդայի հետևից ընկնելով կսկսի յուրացնել իր մայրենի լեզուն:

Armen said...

Իմ զինվորական գրքույկում նույնպես բոլոր գրությունները կատարված են ռուսերենով: Դա սովորական է, քանի որ ես ծառայությունս անցել եմ Հայաստանում տեղակայված Ռուսական Սահմանապահ զորքերում: Բայց գրքույկի առաջին էջը, որ լրացնում է մարզային զինկոմիսարիատը, լրացված է հայերեն ու... տառասխալներով:

Anonymous said...

Hargeli Mushegh, sirov ev hetqrqrutyamb kardatsi dzer hodvatsy. Shat hacheli e tesnel, vor kan aysnqan kirt ev naev azgayin bardzr inqnagitaktsutyamb ozhtvats eritasardner. Kisum em dzer mtahogutyuny ays hartsi shurj. Bervats orinaknerin kuzei avelatsnel naev erazhishtnerin ev bzhishknerin, voronq hamaroren chen sovorum(chen uzum sovorel) hayeren khosel ev aravel evs grel.
Sakayn, huys unem, vor ays khndiry lutseli e, miayn petq e zhamank, kamq, tsankutyun ev azgi hogserov aprogh aktiv eritasardner.

Экзистенциалист said...

Ցավալի խնդիր է, ժողովուրդ: Իրականում, չկարողացա հիշել անկախ ՀՀ-ի դիվանագիտության վերջին անկախ եւ սեփական նախաձեռնությունը....

Ինչեւէ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 17-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուռա!!!

Հովհաննես said...

Հետաքրքիր թեմա եք ընտրել: Ես ապրում եմ Հայաստանում և կարդում եմ հայերեն, ինձ համար ցավալի է որ այս մասին գրում եք ԱՄՆ-ից, գիտեք այս խնդիրը կլուծվի միայն այն ժամ, երբ ամբողջ էթնոսով հասկանանք և ընդունենք, որ մեր տունը Հայաստանն է, որտեղ նույնիսկ սոված մնալով կլսենք միայն հայերեն, երևի դուք էլ ամեն առավոտ բարի լույսի փոխարեն Հելլո եք լսում, իսկ դա նորմալ է, ուրախ կլինեմ Ձեր արձագանքի համար: Մեծագույն սիրով հայ երիտասարդ:

Մուշեղ Ասատրյան said...

Հարգելի հայ երիտասարդ, կամ Հովհաննես,

Շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար: Եւ Համաձայն եմ, որ բոլորիս տունը հայաստանն է: Եւ իմ` ԱՄՆում լինելու պատճառը` այստեղ Ասպիրանտուրայում սովորելն է: Եւ առավոտներն էլ կնոջս հայերեն ասում եմ "բարև", ու լսում հայերեն "բարև": Եւ տարին մի քանի ամիս էլ այդտեղ եմ ապրում:

Սակայն սովորելը մի կողմ դրած, հիմա երկրում այնպիսի վիճակ է, որ արժանապատիվ գոյատևելը անասելի դժվար է, և ուստի րի կարելի այլևս մեղադրել մեր այն բազմաթիվ հայրենակիցներին, որքեր հեռանում են Հայաստանից:

Ինչևէ, շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան Ձեզ պես հայրենասեր մարդիկ:

Հարգանքներով`
Մուշեղ

Bryce said...

Very interesting comments and analysis and an overall great blog.

Here's an Armenian language website I think you might enjoy: Հայերեն wiki browser

Post a Comment