Խաչիկ Գևորգյան
Փորձեմ շարունակել «Հայաստանի Բուհերը` Հայացք Դրսից և Ներսից» հոդվածաշարի մաս կազմող ակադեմիական մշակույթ կրող դասախոսական անձնակազմ ու ուսանողություն ունենալուն միտված մտորումներս, գրառումներս ու առաջարկներս։ Սույնը այդ հոդվածաշարի երրորդ մասն է։ Առաջին և երկրորդ մասերին կարող եք ծանոթանալ այստեղ. http://hayastanyerkir.blogspot.com/2009/01/1.html և
http://hayastanyerkir.blogspot.com/2009/02/2.html
Երկար եմ գրելու, խնդրում եմ կարդալ մինչև վերջ։ Սույն հոդվածս նվիրված է ՀՀ բուհերում (չեմ ցանկանում մասնավորել, քանզի խնդիրը միևնույն է համազգային է, մեկում՝ շատ, մյուսում՝ քիչ) և գիտական հաստատություններում էլեկտրոնային փոստի հասցեներից օգտվելու մշակույթին ու կարգին։ Շարադրվածը հիմնված է հեղինակիս մեկ և կես տարվա՝ տվյալ ոլորտում տարված աշխատանքների վրա, հետևաբար առաջարկներս պարզապես առաջարկներ չեն այլ իրականանալի նախագծեր ու իրականում յուրաքանչյուրիս համար ոչ այդքան աշխատատար։ Գրածս քննարկելիս խնդրում եմ զերծ մնալ աջ և ձախ, սար ու ձոր ընկնելուց, պարզապես ներկայացրեք ձեր սեփական փորձառությունը ու գործեք ավելի մեծ եռանդով, քանզի ներքոգրյալը կրկին աքսիոմ է։
2007թ. հունիսին հիմնադրել էինք «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան», որի շրջանակներում սկսել էր գործել ARMACAD գիտական խումբը։ Ծիծաղելի բաների մասին եմ այժմ գրելու ու հետո նոր միայն անցնեմ լուրջ հատվածին։ Ուրեմն ARMACAD խմբում նույնիսկ մինչ օրս հանդիպում են այնպիսի հասցեներ, որոնց նայելիս պարզապես տարակուսում ես, թե արդյոք այդ մարդն իրապես մարդ է, թե այսպես կոչված «սփամեր» կամ «ռոբոտ»։ Պատկերացրեք նմանատիպ հասցեներ. tvoyaptichka89@yandex.ru, iloveumrutjan@yahoo.com, xxghegtshgf@gmail.com, angragitutyun@freenet.am և այլն։ Եթե նմանատիպ հասցեներով եկած անդամակցության հայտի տակ գրանցվելիս իրենց մասին մի երկու տող գրած չեն լինում, ապա իհարկե այս հասցեատերերի անդամակցության հայտը չեմ բավարարում։ Այսուամենայնիվ, չէ՞ որ գրանցվելուց հետո սույն հասցեատերերը ստանալու են գիտական հայտարարություններ ու հավանաբար կապնվելու են որևէ արտասահմանյան ԲՈՒՀի հետ։ Վստահեցնում եմ մեծ է հավանականությունը, որ նման հասցեից եկած նամակը կամ ինքնըստինքյան կհայտնվի «սփամ»-ի մեջ, կամ պարզապես կջնջվի այդ պահին ձեր հասցեի վրա ծիծաղող կամ խիստ բարկացած պրոֆեսորի կողմից։ Կարծում եմ, որ, գիտական հաղորդակցության համար էլեկտրոնային հասցեն, եթե գտնվում է համացանցային ինչ-որ՝ ոչ գիտական տիրույթում, պետք է արտացոլի կամ մասնագիտությունը կամ պարզապես անուն ազգանունը։։ Շատերին եմ խնդրում հետևել այս խորհրդին և ունենալ սեփական անուն ազգանունով հասցե, ինչպես՝ anun.azganun@email.com:
Այժմ կարևորի մասին։
2007թ. սեպտեմբերից ԵՊՀ-ում աշխատանքի անցնելուց հետո շատ եմ փորձել խրախուսել բոլոր գործընկերներիս (իրականում և մեծամասամբ դրա կարիքն արդեն չկար) և հիմնականում ուսանողներիս ունենալ վերոնշյալ ձևաչափով սեփական էլեկտրոնային փոստային հասցե, այն էլ՝ ysu.am տիրույթում, եթե նույնիսկ ոչ այդտեղ, ապա՝ մի նորմալ հասցե ցանկացած այլ սպասարկող կայքէջում։ Առաջին կուրսի ուսանողներից հավանաբար տասը տոկոսն արդեն ուներ էլեկտրոնային հասցե (իհարկե iloveumrutjan տարբերակով), երկրորդ և երրորդ կուրսերում մոտավորապես քսան և իհարկե նրանք այդ հասցեն ստուգում էին ամիսը մեկ անգամ՝ պատահաբար։ Այս վիճակն իհարկե շարունակվեց մինչև միջանկյալ քննությունը։ Ես՝ հնարամիտս, որոշեցի քննությունից հետո երբեմն նույնիսկ պարտադրել ուսանողներիս բացել անուն ազգանուն կրող հասցե ysu.am տիրույթում, գրել ինձ նամակ, որից հետո միայն ես հայտնում էի նրանց գնահատականը։ Հետագայում բոլորին ուղարկում էի հետաքրքիր նյութեր ընթերցանության համար, խնդրում էի, որպեսզի գրանցվեն գիտական ցանցերում ու ստանան օգտակար տեղեկատվություն և այլն։ Հավատացնում եմ օգնեց։ Բոլորը ունեցան հասցե։ Իհարկե շատերը չէ, որ մինչև վերջ կայուն մնացին իրենց այդ՝ «իմ կողմից պարտադրված» որոշման մեջ, սակայն այժմ հաճելիորեն եմ նկատում, որ ուսանողներիցս շատերը գրանցվել են ֆեյսբուքում և նույնիսկ ընկերացել իրենց ոլորտի մի շարք գիտնականների հետ։ Շատերն էլ արդեն տեղյակ են տարբեր երկրներում գոյություն ունեցող գիտական հնարավորությունների մասին ու պատրաստվում են դիմել արտերկրյա ԲՈՒՀ ysu.am էլեկտրոնային հասցեով։ Շատերը գրեթե ամեն օր գրում են ինձ նամակներ, մյուսները կապվում են ֆեյսբուքով։ Իրականում այստեղ՝ ֆեյսբուքում Yerevan State University network – ի գոյությունը պայմանավորված է վերոնշյալի հետ։ Ֆեյսբուքին գրել էի, որ պետք է նաև ունենալ Yerevan State University network, նրանք էլ պատասխանեցին, որ դրա համար հարկավոր է ysu.am հասցեով յոթ հոգու սկզբնական գրանցում այդ network-ում, որից հետո այն կսկսի գործել ու դառնալ ընդհանուր բոլորի համար։ Սկզբում դժվարանում էի նույնիսկ այդ յոթ հոգուն գտնել, բայց հիմա լավ է, ունենք այդ network-ը։
Սիրելի գործընկերներ, արդյո՞ք դուք վարվել եք այս ձևով։ Խնդրում եմ կիսվել փորձառությամբ ու շարունակել նույն ոգով։ Արդյո՞ք մտածել եք ձեր ուսանողի ապագայի մասին։ Մտածե՞լ եք, որ ձեր անմիջական օգնությամբ ձեր ուսանողը կարող է դառնալ միջազգային ճանաչում ունեցող գիտնական ու պատիվ բերել ոչ միայն Հայաստանին այլ նաև ձեզ անձամբ։ Եթե մտածել եք ու ապրում եք 21-րդ դարում, ապա վստահաբար վարվել եք ու վարվում եք հենց այնպես ինչպես պետք է վարվել, իսկ եթե ոչ, ապա
ԱՌԱՋԱՐԿ. Վարվե՛ք հենց այսպես, խրախուսեք ձեր գործընկերներին ու ուսանողներին օգտագործել էլեկտրոնային կապի միջոցներ և դրանց միջոցով կապ հաստատել արտերկրյա կենտրոնների իրենց գործընկերների հետ։
Այժմ ավելի կարևորի մասին։
2008թ. մայիսին «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անունից ԵՊՀ ռեկտորին եմ ներկայացրել ներքևի առաջարկ դիմումը, որը ստացել է հավանություն ու հավանաբար այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Բոլորին խնդրում եմ կարդալ այն ուշադրությամբ ու նաև նման առաջարկներով հանդես գալ սեփական ԲՈՒՀերում։ Այս ամենը շտկելու ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է պարզապես մի քիչ նվիրում ու մի քիչ աշխատանք։ Խնդրում եմ, եթե կարծում եք թե սա է հայաստանյան գիտության զարգացման գոնե մի փոքր բաղադրիչ, որի պակասը կա Հայաստանում, ապա պարզապես մի գրեք այստեղ, այլ այս նույն դիմումի՝ ձեր ուզած ձևով ձևափոխած տարբերակով կազմակերպեք ստորագրահավաք ու ներկայացրեք այն ձեր ԲՈՒՀի ռեկտորին, եթե ունեք հնարավորություն ու հավես, ապա կարելի է սա ներկայացնել կառավարությանն ու դարձնել ազգային ծրագիր։ Վստահեցնում եմ անելը հեշտ է. անող է պետք, այլ ոչ թե խոսող։ Ու խնդրում եմ բոլորին՝ ուսանող թե դասախոս, հետամուտ լինել իրենց ԲՈՒՀում այս ծրագրի իրականացմանը։ Քանի որ հիմա Հայաստանում չեմ, ապա կխնդրեմ, որ անպայման փորձեք տեղեկանալ, թե ԵՊՀ-ում այս ծրագիրը իրագործման որ փուլում է գտնվում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հնարավորինս օգնել՝ կազմակերպել տեղեկատվական միջոցառումներ, խրախուսել, սատարել ու նույնիսկ համոզել։ Սույն առաջարկը ճիշտ է ոչ միայն ԲՈՒՀերի կապակցությամբ, այլ յուրաքանչյուր հաստատության՝ պետական թե մասնավոր։ Ահա այդ նամակն ու շատ գործնական առաջարկը.
2008 թ. ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին ysu.am տիրույթում էլեկտրոնային փոստի հասցե տրամադրելու նախագիծ-առաջարկ
Հաշվի առնելով ներկայումս էլեկտրոնային կապի միջոցների օրըստօրե աճող կարևորությունը և ԵՊՀ-ում այդ միջոցների մատչելիության ոչ բավարար մակարդակը, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտասահմանյան բուհերի ճնշող մեծամասնության, և նույնիսկ հայաստանյան որոշ բուհերի (Հայաստանի ամերիկյան համալսարան, Ֆրանսիական համալսարան) ուսանողությունն իր ընդունվելու պահից ապահովված է տվյալ բուհի կողմից սպասարկվող էլեկտրոնային փոստային հասցեով, ինչը, ցավոք, չենք կարող ասել մեր՝ Հայաստանի ԲՈՒՀերի մեծամասնության կապակցությամբ:
ԵՊՀ աշխատակիցներն ու ուսանողները, հիմնականում անտեղյակության պատճառով, չեն օգտվում կապի նման միջոցներից, իսկ օգտվողների գերակշիռ մասն օգտագործում է համացանցային այլ սպասարկող հասցեներ (yandex.ru, mail.ru, yahoo.com, gmail.com, և այլն), ինչը միջազգային գիտա-կրթական համագործակցության ասպարեզում, մեղմ ասած, անլուրջ տպավորություն է թողնում: Այս պարագայում ԵՊՀ-ն պետք է շահագրգռված լինի, որ իր աշխատակիցներն ու ուսանողները օգտվեն ysu.am տիրույթում սպասարկվող էլեկտրոնային փոստի հասցեներից:
Առաջարկ
- քայլեր ձեռնարկել սույն իրավիճակը շտկելու կապակցությամբ և արդեն 2008թ. սեպտեմբերից ԵՊՀ ընդունված բոլոր ուսանողներին տրամադրել իրենց անուն ազգանուններով էլեկտրոնային հասցեներ, իսկ ԵՊՀ-ում արդեն աշխատողների և սովորողների շրջանում լրացնել բացը և ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ էլեկտրոնային կապի միջոցներն անհրաժեշտ դարձնելու համար:
Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է՝
ա) 2008թ. ԵՊՀ ընդունված բոլոր ուսանողների տվյալները հանձնել ԵՊՀ համակարգչային ցանցի և համակարգիչների սպասարկման բաժին։
բ) ԵՊՀ համակարգչային ցանցի և համակարգիչների սպասարկման բաժնի աշխատակիցներից ստեղծել աշխատանքային հատուկ խումբ, որը պետք է մինչև սեպտեմբերի առաջին կեսը գրեթե 3000 առաջին կուրսեցիների արդեն ներկայացված հայատառ տվյալները մուտքագրի համակարգիչ, հատուկ ալգորիթմերի օգտագործմամբ ստանա բոլոր ուսանողների անուն ազգանունների լատինատառ տարբերակները և դրա հիման վրա ներկայացնի ուսանողին տրամադրվելիք էլեկտրոնային փոստային հասցեն ysu.am տիրույթում։ Սրա համար կպահանջվի ընդամենը 15 օր։
գ) ֆակուլտետների դեկանատների և ամբիոնների միջոցով յուրաքանչյուր ուսանողին արդեն առանձին թղթի վրա գրված տարբերակով հանձնել էլեկտրոնային փոստի անունը և գաղտնաբառը։
Հետագա միջոցառումներ
Այս ծրագրին զուգահեռ 2008թ. սեպտեմբերից ԵՊՀ բոլոր ֆակուլտետների դեկանատների և ամբիոնների աշխատակիցներին հատուկ որոշումով տրամադրել ԵՊՀ էլեկտրոնային փոստի հասցեներ։ Այնուհետև մեկ այլ որոշմամբ հրամայել, որպեսզի այդուհետ տվյալ ֆակուլտետին վերաբերող ամբողջ տեղեկատվական դաշտը տարածվի էլեկտրոնային փոստի միջոցով։ Այսինքն դասացուցակները, քննության օրերը, տարբեր միջոցառումների վերաբերյալ հայտարարությունները տարածել նշյալ միջոցներով, ինչը խթան կհանդիսանա ուսանողի համար ստուգել իր՝ ԵՊՀ տիրույթում գտնվող փոստային հասցեն։ Հընթացս յուրաքանչյուր ամբիոնում պետք է կազմակերպել տեղեկատվական սեմինար քննարկում միտված ամբիոնի աշխատակիցների՝ կապի էլեկտրոնային միջոցների վերաբերյալ տեղեկացվածության ավելացմանը։
Նպատակներն ու ակնկալվող արդյունքները
Սույն ծրագրի իրականացումն անմիջապես կնպաստի ԵՊՀ ակադեմիական վարկանիշի բարձրացմանը։ Մեր ուսանողներն ու աշխատակիցները առաջին հերթին կսովորեն օգտվել էլեկտրոնային փոստի ծառայություններից հետագայում նաև այլ էլեկտրոնային ռեսուրսներից։ Նշված տեղեկատվական դասախոսություննեի միջոցով կարելի է նպաստավոր դաշտ ստեղծել հայ և արտասահմանցի գիտական մշակույթ կրողների միջև արդյունավետ և փոխշահավետ կապ հաստատելու համար։ Եվ այս ամենը կարվի ոչ թե yahoo, rambler, gmail և այլ արտասահմանյան փոստային տիրույթներում, այլ անմիջապես ԵՊՀ անունը կրող էլեկտրոնային հասցեների միջոցով։
Ֆինանսական ծախսեր
Բարեբախտաբար ԵՊՀ-ին հատկացված է հաստատագրված թրաֆիք և 3000 նոր էլեկտրոնային հասցեների բացումը չի հանգեցնի ինտերնետային ծառայության համար հավելավճարի։
Հարգանքով՝
ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս,
«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» հ/կ նախագահ,
Հարվարդում հրավիրյալ գիտնական (visiting scholar)
Խաչիկ Գևորգյան